National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.11.2022
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 2 անգամ. ԱԺ մշտական հանձնաժողովները շարունակում են 2023 թ. պետբյուջեի նախագծի քննարկումները
1 / 13

Գովելի է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի հեղինակության բարձրացման հանգամանքը: Այս բոլոր ձեռքբերումներն ուղղակի դրական ազդեցություն են ունենում ՀՀ տնտեսության վրա: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը:

Նոյեմբերի 3-ին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վաղարշակ Հակոբյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով եվրասիական տնտեսական միության եւ տարածաշրջանային մյուս երկրների հետ տնտեսական եւ քաղաքական կապերի զարգացման համար նախատեսվող նախնական ծրագրերն ու ֆինանսական հատկացումները:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական ինտեգրացիոն գործընթացների մասին 2023 թ. պետբյուջեի նախագծով առանձին ծրագրային ֆինանսական միջոցներ նախատեսված չեն: Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընթացող քաղաքականություններն ու ինտեգրացիոն գործընթացները հիմնականում բովանդակային եւ ծրագրային են ու վերաբերում են արտաքին առեւտրի քաղաքականության ոլորտում միասնական որոշումների կայացման բովանդակությանը եւ չեն ենթադրում առանձին ծրագրային ֆինանսավորում:

Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ կառույցն ունի ֆինանսական աջակցության գործիքակազմ. Եվրասիական զարգացման բանկն ու Եվրասիական զարգացման հիմնադրամն իրենց կողմից աջակցվող ծրագրերով մասնակցում են տարբեր ուղղություններով տարբեր ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորմանը: Սակայն այդ հարցերն առավել մանրամասն պարզաբանվում են յուրաքանչյուր նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունների համատեքստում:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանն ընդգծել է հանձնաժողովի գործունեության կարեւորությունը՝ նշելով, որ համագործակցությունը Կառավարության գործընկերների հետ լայն թափ է ձեռք բերում: Վաղարշակ Հակոբյանն առաջարկել է ոլորտին վերաբերող հատվածներն առանձնացնել եւ ներկայացնել համատեղ հանձնաժողովների քննարկմանը հաջորդ տարիներին:

Ֆինանսների նախարարը նշել է, որ Եվրասիական զարգացման բանկն ու Եվրասիական զարգացման հիմնադրամն ավելի ու ավելի մեծ ներկայություն ու մասնակցություն են ձեւավորում Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում եւ ոլորտներում իրականացվող ծրագրերի ֆինանսավորման առումով: Նրա կարծիքով՝ եկող տարվա ընթացքում դրանք այն ծավալի կհասնեն, որ յուրաքանչյուր նախարարության ընդհանուր ծրագրային անելիքների քննարկումների համատեքստից դրանք կարելի է առանձնացնել եւ զեկուցման առարկա դարձնել հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում: «Եթե այս ձեւաչափն ընդունելի լինի, եկող տարի կարող ենք գալիք քննարկումները կազմակերպել այնպես, որ հրավիրյալները հատկապես այդ մասով առանձին զեկույցներ պատրաստեն»,-ասել է Տիգրան Խաչատրյանը: Վաղարշակ Հակոբյանն ընդունելի է համարել նախարարի առաջարկած ձեւաչափը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է Հայաստանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ առեւտրաշրջանառությանն ու ներդրումների ծավալին:

2022 թ. առաջին ութ ամիսներին Հայաստանի առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 2,778 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74,1 տոկոսով:

2022 թ. հունվար-օգոստոս ամիսներին արտահանումը ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ կազմել է 1,1 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է երկու անգամ, իսկ ներմուծումը ԵԱՏՄ երկրներից կազմել է 1,67 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 58,7 տոկոսով:

Հայաստանի առեւտրաշրջանառությունը ՌԴ հետ կազմել է 2,642 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 71,7 տոկոսով, ընդ որում՝ արտահանումն աճել է երկու անգամ, իսկ ներմուծումը՝ 55,3 տոկոսով:

Հայաստանի առեւտրաշրջանառությունը Բելառուսի հետ 2022 թ. առաջին ութ ամիսներին կազմել է 106,7 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,4 անգամ, ընդ որում` ՀՀ-ից արտահանումն աճել է 2,6 անգամ, իսկ ներմուծումը՝ 2,2 անգամ:

Հայաստանի առեւտրաշրջանառությունը Ղազախստանի հետ 2022 թ. առաջին ութ ամիսներին կազմել է 26,6 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ՝ աճելով 2,6 անգամ. արտահանումն աճել է 14,6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 5,9 անգամ:

Հայաստանի առեւտրաշրջանառությունը Ղրղզստանի հետ 2022 թ. առաջին ութ ամիսներին կազմել է 2,9 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 90,8 տոկոսով:

2021 թ. ՀՀ տնտեսական իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 204,8 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 32,4 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 129,2 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել մոտ մեկ երրորդը՝ 40,1 մլրդ դրամ:

2022 թ. առաջին կիսամյակում ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 41 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 47 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 76,5 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել մոտ 57,5 մլրդ դրամ:

Ըստ Էկոնոմիկայի նախարարի՝ 2022 թ. Եվրասիական զարգացման բանկը Հայաստանում երեք գործարք է կնքել. առաջիկայում նախատեսվում են եւս մի քանի գործարքներ:

Պատգամավոր Շիրակ Թորոսյանի խնդրանքով Վահան Քերոբյանն անդրադարձել է տարածաշրջանային երկրների հետ առեւտրաշրջանառությանը, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետության հետ: 2020-2022 թթ. Հայաստանի առեւտրաշրջանառությունն ԻԻՀ հետ կրկնակի աճել է: Ներկայում քննարկվում է ԵԱՏՄ-ԻԻՀ Ազատ առեւտրի համաձայնագրի երկարաձգման ու լավարկման հարցը: Աշխատանքներ են ընթանում, որպեսզի ԻԻՀ-ով անցնող լոգիստիկ ուղիներն առավել հասանելի լինեն հայ բեռնափոխադրողների համար:

Այս համատեքստում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը կարեւորել է հատկապես ՀՀ եւ ԻԻՀ միջեւ կնքված վերջին՝ «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման վերաբերյալ հուշագիրը: Նրա գնահատմամբ պատմական փաստաթուղթ է ստորագրվել, ինչը, հատկապես, կարեւոր է Հայաստանի էներգետիկ անվտանգության, էներգետիկ բաշխվածության դիվերսիֆիկացիայի տեսանկյունից:

ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը փաստել է, որ ԵԱՏՄ շրջանակում կայացել են մեծ թվով նիստեր, քննարկվել են առեւտրատնտեսական, մաքսային, բարձր տեխնոլոգիական, առողջապահության, տրանսպորտային ոլորտների համագործակցությանը վերաբերող հարցեր: Նրա գնահատմամբ կառույցի աշխատանքը բավականին ակտիվ է:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...

16.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կհրավիրվի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am